Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Դիետա չի նշանակում սովամահություն

Դիետա չի նշանակում սովամահություն

Ավելորդ քաշին եւ ճարպակալմանը պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք մահացության եւ հիվանդացության հիմնական գործոններից են համարվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ -դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ծխելը, ավելորդ քաշը, բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր քանակը Հայաստանում մահացության հիմնական ռիսկի գործոններն են: «Այդ իսկ պատճառով անընդհատ քարոզվում է հետեւել ավելորդ քաշին, վարել առողջ ապրելակերպ, որի մի մասն առողջ սնունդն է»,- ասաց Վ. Պետրոսյանը` նշելով, որ մյուս կողմից` մարդիկ ընկնում են ծայրահեղության մեջ, եւ առողջ սննդակարգ ասելով` հասկանում են քաշի իջեցման սխալ, հյուծիչ ու վտանգավոր ձեւերը: «Հիմնականում մարդիկ դիմում են այնպիսի դիետաների, որոնք բժշկական սահմանման դիետայի հետ ոչ մի առնչություն չունեն: Մարդիկ մնում են կիսասոված եւ արդյունքում կորցնում 10-15 կգ, որն անընդունելի է»,- ասաց նա` շեշտելով, որ նմանատիպ ծայրահեղությունների գնում են շատ հաճախ այն երիտասարդները, որոնց քաշը նորմայի մեջ է. դա, ըստ բժշկի, անտեղյակության հետեւանք է: «Ավելորդ քաշ կորցնելու գործընթացը համալիր միջոցառումների համակարգ է, որի մեջ մտնում են ապրելակերպի փոփոխությունը, ֆիզիկական ակտիվության մեծացումը, սննդային սովորությունների եւ սննդամթերքների փոփոխությունը, որից հետո դեղորայքային բուժում է նախատեսված»,- ասաց բժիշկ-դիետոլոգը` նշելով, որ դիետան չպետք է լինի առանց ֆիզիկական ակտիվության: Ավելորդ քաշը կորցնելու համար, ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ է ռեժիմով հաց ուտել, բազմատեսակ սննդամթերքներ օգտագործել, ավելացնել սննդակարգում բանջարեղենի, մրգի շատ օգտագործումը, ինչպես նաեւ պակասեցնել յուղային ուտելիքների գործածումը: «Սրանք այն ընդհանուր խորհուրդներ են, որը պետք է կիրառեն բոլորը»,- շեշտեց բժիշկ-դիետոլոգը: Հատկապես երիտասարդների շրջանում քաշ գցելու վերջերս ձեւավորված «մոլուցքը» դրսեւորվում է նաեւ մարզասրահներ հաճախելու մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիտնես-մարզիչ Հովհաննես Ավագյանը, յուրաքանչյուր մարդու համար չափազանց կարեւոր է առողջ ապրելակերպը: «Իսկ առողջ ապրելակերպ նշանակում է ճիշտ եւ համակարգված սննդակարգ, ինչպես նաեւ շաբաթական 3 անգամ ակտիվություն, որը կարող է դրսեւորվել ցանկացած կերպ` թե’ լողի,թե’ վազքի, թե’ ուղղակի մկանները մարզելու, ձգելու հարցում»,- ասաց նա` նշելով, որ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է շաբաթական 3 մարզում, որոնք կոչվում են կարդիո մարզումներ: «Օրգանիզմը վերականգնվում է 48 ժամում, եւ այդ մարզումներից հետո մարդուն անհրաժեշտ է հանգստի փուլը, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել եւ պատրաստ լինել մյուս պարապմունքներին»,- ասաց ֆիտնես-մարզիչը: Հ. Ավագյանը կարեւորեց նաեւ երեկոյան զբոսանքները, որի շնորհիվ մարդը շնչում է այնքան թթվածին, որքան անհրաժեշտ է թոքերի նորմալ գործունեության համար: Ըստ նրա` այսօր երիտասարդները շատ են այցելում մարզասրահներ, որը մի քանի պատճառ ունի: «Առաջինը Հայաստանի Հանրապետությունում գիրացման բարձր մակարդակն է, որը պայմանավորված է գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների մեծ քանակությամբ ներմուծմամբ ՀՀ, ինչպես նաեւ թունաքիմիկատներով, պեստիզիդներով հարուստ սննդի առկայությամբ, որը հանգեցնում է գիրացման բարձր մակարդակի»,- նշեց ֆիտնես-մարզիչը` փաստելով, որ «դիետա» հասկացությունը Հայաստանում ճիշտ չի հասկացվում: «Հայաստանում դիետաները հասկացվում են որպես սովամահություն, իսկ Եվրոպայում` ճիշտ սննդակարգ, ապրելակերպ, վարժություններ, որոնք հանգեցնում են մարդու նպատակի իրականացմանը»,- նշեց նա` բոլորին խորհուրդ տալով զբաղվել ֆիզկուլտուրայով, որպեսզի լինեն գեղեցիկ եւ առողջ:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ